«Սայաթ-Նովա» մշակութային միության  նախագահը ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Թովմաս Գևորգի Պողոսյանն է:

Թովմաս Գևորգի Պողոսյանը ծնվել է 1954թ., փետրվարի 16-ին, Լոռվա մարզի Սարչապետ գյուղում:
1960-1971թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 110 հայկական միջնակարգ դպրոցը:
1971-1972թթ. աշխատել է Սայաթ-Նովայի անվան աշուղական երգի պետական վաստակավոր անսամբլում` ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ:
1972-1973թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում:
1973-1977թթ. սովորել է Վանաձորի (Կիրովական) Մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժնում: Ուսմանը զուգընթաց երգել է տեղի «Հորովել» ազգագրական երգի-պարի պետական անսամբլում: Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է աշխատելու Աբովյանի շրջանի Հատիս գյուղի միջնակարգ դպրոց, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ մինչև 1980 թ.:
1980-1995թթ. Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի ժողովրդական երգի-պարի պետական վաստակավոր անսամբլում հանդես է եկել որպես մեներգիչ:
1980-85թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի հայ երգեցողության դասարանում՝դասատու՝ կոմպոզիտոր, երգիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյան:
1987-1992թթ. հիմնադրել և ղեկավարել է «Գանձասար» ժողովրդական երգի-պարի անսամբլը:
1987-ից առ այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշխատում է որպես դասախոս:
2001թ. ստացել է դոցենտի, 2004թ. պրոֆեսորի գիտական կոչումներ:
1992թ. վերստեղծել և ցայսօր ղեկավարում է «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը:

1995թ. «Սայաթ-Նովա» անսամբլի հենքի վրա հիմնադրել է «Սայաթ-Նովա» մշակութային միությունը, որին կից 1997թ. Ջիվանու անվան աշուղական դպրոցը և Հայ աշուղների միությունը, իսկ 2001թ. միության շրջանակներում հիմնել է աշուղագիտական կենտրոնը:
2001թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով:
Ունի բազմաթիվ հոդվածներ թերթերում, ամսագրերում և մասնագիտական ժողովածուներում:
«Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուի կազմող-հեղինակն է: 
Ունեցել է բազմաթիվ համերգներ ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում (ԱՊՀ երկրներ, Շվեյցարիա, Իրան, Սիրիա, Հունաստան, Հոլանդիա, Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և այլն):
2009 թվականին, Թովմաս Պողոսյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Աշուղ Ջիվանի, անհայտ երգեր» ժողովածուն (Երևան, Լուսակն հրատ., 2009): Այն ընդգրկում է 400-ից ավելի անհայտ երգերի տեքստեր, այդ երգերին նվիրված ուսումնասիրություն և Ջիվանու ստեղծագործությունների մատենագիտություն:
 2014թվականի ապրիլի 25-ին “Ջիվանու բանաստեղծական ժառանգությունը” թեմայով պաշտպանել է
ատենախոսություն և ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիատական աստիճան: