ՍԱՅԱԹ–ՆՈՎԱ (Հարություն Կարապետի Սայադյան),1712-1795թթ.:
Հայ դասական աշուղական արվեստի բարձրագույն գագաթ:
Ծնվել է Թիֆլիսում՝ հալեպցի Կարապետի և հավլաբարցի Սառայի ընտանիքում:
Աշակերտել է աշուղ Դոստիին և ստացել Սայաթ – Նովա պատվանունը: Կարճ ժամանակ անց սկսում է երգել և երգեր գրել հայերեն, վրացերեն և թուրքերեն լեզուներով: Շուտով նրա անունը տարածվում է և նա մեծ համբավ է ձեռք բերում: Վրաց Հերակլ թագավորը նրան հրավիրում է արքունիք, և Հարությունը դառնում է պալատական երգիչ:
Ամուսնանում է, ունենում է չորս զավակ` Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ:
Հետագայում նա ձեռնադրվում է քահանա` Տեր Ստեփանոս անունով և ծուխ ստանում Կախեթի Կախ ավանում: Կնոջ` Մարմարի մահից հետո ծառայել է Հաղպատի վանքում որպես վարդապետ: Երբ 1795թ-ին Աղա Մահմեդ – խանի զորքերը մոտենում են Վրաստանին, նա իր զավակներին շտապ ուղարկում է Մոզդոկ, իսկ ինքը մնալով Թիֆլիսում կնքում է իր մահկանացուն և թաղվում է Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու գլխավոր մուտքի մոտ:
Ունի ստեղծագործական հարուստ ժառանգություն, որի մեծ մասը պահպանվել է ձեռագիր  մատյանում: Նրա երգերը բազմիցս հրատարակվել են տարբեր ժողովածուներում և առանձին գրքերում:
Նվագել է քյամանչա և չոնգուր:
Հայտնի երգերից են՝ «Դուն էն գլխեն», «Քանի վուր ջան իմ», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Քյամանչա», «Դուն էն հուրին իս», «Թամամ աշխարհ պտուտ էկա»:

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ (Նահապետ  վարպետ-աշուղ Քուչակ, Չիչակ, Վանեցի կամ Վանլի Քուչակ)
Ծնվել է 15-րդ դարի վերջում, կամ 16-րդ դարի սկզբում ( ըստ ավանդության ապրել է 100 տարի), մահացել է 1592թվին և  թաղվել Վանից արևելք գտնվող Արճակ լճի ափին գտնվող Խառակոնիս գյուղում, Սուրբ Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը:
Հայ առաջին աշուղներից է: Եղել է սիրո, պանդխտության  մեծ երգիչ:
Ժողովրդի մեջ բանավոր պահպանվել են նրա կյանքից հետաքրքիր դրվագներ, որոնք դարձել են ավանդապատումներ: «Նահապետ-վարպետ» կոչումը վկայում է,  որ եղել է սիրված երգիչ և աշուղ:
Ավանդապատումներից բացի մեծ աշուղից պահպանվել են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյա-խրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով:
1880-ական թվականներից նրան են վերագրել միջնադարյան հայրենները, որոնք հրատարակվել և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Այս խնդիրը շարունակում է մնալ վիճելի ու անլուծելի:
«Նահապետ Քուչակ»-ը պայմանական ու հավաքական անուն է դարձել, բայց հայ մշակույթի պատմության մեջ մնում է ու կմնա աշուղական դասական արվեստը ներկայացնող գագաթներից մեկը:

 ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ (Հովնաթան Հովնաթանյան), 1661-1722թթ.
Ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղաքաղաքում, որը հանդիսացել է խոշոր առևտրական կենտրոններից մեկը:
Նախնական կրթությունը ստացել է Շոռոթում, հետո՝ Թովմաս Առաքյալի վանքում (աստվածաբանություն, գրաբար, մանրանկարչություն, պարսկերեն լեզու): Նա նկարչության և հատկապես մանրանկարչության արվեստում հմտանում է իր հոր` հայտնի մանրանկարիչ Հովհաննեսի մոտ: Բացում է նկարչական դպրոց – արվեստանոց, որտեղ սովորում են նաև նրա որդիները, հայտնի նկարիչներ` Հակոբ և Հարություն Հովնաթանյանները:
Նաղաշ Հովնաթանը շուտով վարպետ  նկարչի հռչակ է ձեռք բերում, հավասարապես  բանաստեղծի և աշուղի: 1680-1682թթ. Նաղաշ Հովնաթանը Երևանում էր, վերականգնում էր 1679 թվականին  ուժեղ երկրաշարժից վնասված քաղաքի եկեղեցիները, այդ թվում` սբ. Պողոս – Պետրոսի, սբ. Զորավորի, սբ. Կաթողիկեի: Նրա վրձնին են պատկանում Շոռոթի, Երնջակի, Ապրակոնիսի, Ագուլիսի եկեղեցիների զարդանախշերը, սրբապատկերները և որմնապատկերները: Աստվածատուր Ա. Համատանցի կաթողիկոսը նրան հրավիրում է ծաղկազարդելու և պատկերազարդելու Էջմիածնի մայր տաճարը:  Վրաց Վախթանգ 6-րդ թագավորը նրան հրավիրում է իր մոտ  պալատական երգիչ և նկարիչ: Այս տարիներին մեծ տարածում է ստանում նաև Նաղաշ – աշուղի համբավը: Կյանքի վերջին երկու տարին անցկացնում է Շոռոթում և տեղում էլ կնքում իր մահկանացուն: Հովնաթանից պահպանվել են 80 երգեր և բանաստեղծություններ:
Հայտնի երգերից են` «Վրաստանա գյոզալները», «Թասերն չինի»:

ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊԻՐ (Պաղտասար Գրիգորի), 1683-1768թթ.:
Աշուղ, տաղերգու գիտնական,  մատենագիր, քերականագետ, հրատարակիչ:
Պաղտասար Դպիրը ծնվել է Կոստանդնուպոլսոիմ: Հայրը Կեսարիայից գաղթած  հյուսն Գրիգորն է, մայրը` Թուրվանդա: 18-19 տարեկանում հաճախում է Աստվածատուր Ջուղայեցու Պոլսում բացված դպրոցը և հիմնական կրթություն ստանում: 60 տարի գլխավորում է Պոլսի մի շարք տպարանների գիտատեխնիկական աշխատանքները:
Պաղդասար Դպիրը կրոնական, աստվածաբանական գրականության հետ մեկտեղ հրատարակում է միջնադարի պատմության ու իր ժամանակի մտավոր կյանքի զարգացման հետ առնչվող գրքեր` Առաքել Սյունեցի` «Ադամգիրք», Գրիգոր Նարեկացի` «Մատեան ողբերգութեան», Գրիգոր Տաթևացի` «Գիրք հարցմանց», Դավիթ Անհաղթ`«Գիրք սահմանաց» և այլն: Նա 57 տարի զբաղվել է մանկավարժությամբ, գլխավորել է Գումգափուի մայր դպրատունը: Նրան են աշակերտել Հարություն Կարնեցին, Սիմեոն Երևանցին, Պետրոս Բերթումյանը, Թագավոր Վարժապետը (Ն.Աշտարակեցու ուսուցիչը), Պետրոս Ղափանցին, Բարսեղ Կեսարացին և ուրիշները, ովքեր իրենց տաղերում փառաբանել են իրենց ուսուցիչ Պ.Դպիրին: Պ.Դպիրը թողել է գրական հարուստ ժառանգություն, որոնք տպագրել է անձամբ` «Շահավետ»-ը, «Ցանկգիրք նոր կտակարանի», «Կրթություն քրիստոնեական պաշտոնի», «Գրիգոր Լուսավորչի պատմությունը», (որտեղ` հայրեններ, խրատանի, շարականներ), տրամաբանության դասագիրք, «Բարևագիրք» (նամակաձևեր) և այլն:
1768 թ-ին նա հրատարակում է իր 3 տաղարանները` «Փոքրիկ տաղարան», «Տաղարանիկ սիրո և կարոտանաց», «Տաղարան անխորագիր»: Նրա տաղերի եղանակները տարբեր դարերում այլ հեղինակներ օգտագործել են իրենց երգերում:
Պ.Դպիրը եղել է ամուսնացած, ունեցել է 2 որդի` Արսեն Դպիրը, Տեր Անտոնը և հայտնի է եղել թոռը` Արսենի որդի Մեսրոպ Վարժապետը:
Պ.Դպիրը մահացել է Կոստանդնուպոլսում:
Հայտնի երգերից են` Դպիրի «Ի ննջմանէդ արքայական», «Իմ նման յոյժ գովելի»:

 ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ԿԱՐՆԵՑԻ (Ղունկիանոս Հարությունի),1781-1841 թթ.:
Ծնվել է Կարին քաղաքում` Աճեմ Հարություն աղայի և Սրմա Խաթունի ընտանիքում:
Նախնական կրթությունը ստացել է Պարսկաստանում: Տեսնելով Ղունկիանոսի զարմանալի ընդունակությունները` ծնողները ուղարկում են Լիբանանի Անտոնյանց վանքը` կրթվելու և քահանա ձեռնադրվելու, բայց Ղունկիանոսը հակվում է դեպի ճգնավորական, մենակյաց կյանքի: Այնուհետև մեկնում է Եգիպտոս, նրան հրավիրում են Իբրահիմ Փաշայի պալատը, որտեղ պատկառելի դիրք է գրավում՝ որպես պալատական թարգմանիչ, խորհրդատու և գրագիր:
1828-ին գալիս է Ղրիմ, այնուհետև՝ Թիֆլիս, ի վերջո բնակություն է հաստատում Ախալքալաքի Վարևան գյուղում, որտեղ և կնքում է իր մահկանացուն:
Ու թեև որպես մի մահկանացու վախճանվեց, հոգով ու երգերով անմահ մնաց Ղունկիանոս երգիչ Կարնեցին, ու հետմահու արժանի կերպով վաստակեց սրբի պատիվ ու համարում:
Ղունկիանոսը ստեղծագործել է հայերեն, տաճկերեն, պարսկերեն, արաբերեն լեզուներով:
Հայտնի երգերից են “Ախ Նազելի Աստվածածին”, “Մայր սուրբ ջուր մըուր”, “Սրտիկ”:

ՄԻՍԿԻՆ ԲՈՒՐՋԻ  (իսկական անունն է Բուրջ, նշանակում է բուրգ), 1810-1847թթ.:
Ծնվել է Հին Նախիջևանում: Տարիներ անց  տեղափոխվել է Գանձակ, և բնակություն հաստատել: Եղել է ճարտար լեզվի տեր, խոսքաշեն մարդ և իրեն անվանել է շահիր(բանաստեղծ): 1832 թվականին գրի է առնում իր երգերը մեկ մատյանում և որպես գլխագիր գրում է իր պահանջը, որ ուրիշի երգեր չխառնեն:
Երգում է, պարում, պատրաստում տիկնիկներ և եկած շահույթը բաժանում աղքատներին: Նա հայտնի էր իր կատակասիրությամբ, նաև՝ խաղամոլությամբ, որը և դառնում է աշուղի համար ճակատագրական:
Ամուսնացել է, զավակ չի ունեցել: Կնոջ մահից հետո իր նման մեկ աչք («Միսկին» նշանակում է արատավոր) ունեցող ձիով սկսում է շրջագայել:
Միսկին Բուրջին թաղված է Ասկյարան բերդի պարսպի տակ: Բուրջու երգերը բազմիցս հրատարակվել են տարբեր ժողովածուներում:
Հայտնի երգերից են՝ «Գարունքները», «Էշխիցդ ջունուն դառած», «Բոյդ բարձր»:

 ՇԻՐԻՆ (Հովհաննես Կարապետի Կարապետյան), 1827-1857թթ.:
Ծնվել է Երևանի նահանգի Կողբ գյուղում: Մահտեսի Կարապետի և Շահխաթունի ընտանիքում: Երկու տարեկանում հիվանդանում է «ծաղիկ» հիվանդությամբ և կորցնում տեսողությունը: Մայրը կսկիծից մահանում է: 8-9 տարեկան հասակում հայրը նրան տանում է Ալեքսանդրապոլ աշուղություն սովորելու: Երեք տարի ուսանում է աշուղ Բավեի մոտ, նաև հմտանում է քյամանի նվագելու մեջ: Այնուհետև մեկնում է Էրզրում (Կարին) և կատարելագործվում հայտնի աշուղ Ասպիի մոտ: Այստեղ ստանում է վարպետի կոչում և «Շիրին» աշուղական անունը: Հոր հետ տեղափոխվում է Վաղարշապատ և բնակություն հաստատում: Կարճ ժամանակ անց մեկնում է շրջագայությունների: Շուտով նրա համբավը մեծ տարածում է ստանում:
Գ.Ախվերդյանի և Գ. Բերոյանի խորհրդով նա զբաղվում է ինքնակրթությամբ, այս հարցում նրան օգնում են վերոնշյալ գիտնականները, Էջմիածնի հոգևոր սինոդի անդամները, և հատկապես՝ վարժապետ Սարգիս Փիլիպոսյանը, ով գրի է առնում Շիրինի երգերը: Կաթողիկոս Ներսես Աշտարակեցին իր հովանու տակ է վերցնում կույր աշուղին:
Ամուսնանում է, ունենում է զավակներ:
Շիրինը աշուղական պատմության մեջ հայտնի է ոչ միայն որպես աշուղ-վարպետ, այլև անկրկնելի երգիչ և նվագածու: 50թվականին  նորից մեկնում է շրջագայությունների` Շուշի, Շամախի, Թիֆլիս, Ալեքսանդրապոլ, Ն.Բայազետ և այլուր: Դեռ 30 ամյակը չբոլորած Շիրինը հիվանդանում է և մահանում:
Նրա հայերեն երգերը տպագրվել են 1850-ին «Արարատ» շաբաթաթերթում (7,9), «Քնար հայկականում» և առանձին ժողովածուներով` 1856թ., 1891թ. և 1966թ-ին:
Նվագել է քյամանի, սազ:
Հայտնի երգերից են` «Այգեպան», «Աղա Զոհրաբ Վասիլյանը», «Ակնարկյա»:

  ՍԱԶԱՅԻ (Աղաջան Առաքելի Փարոյան ), 1843-1919թթ.:
Ծնվել է Նոր Բայազետի Ղշլաղ (Արծվաքար) գյուղում: Հայրը Առաքելն էր, մայրը` հեքիմ Փարոն: Գյուղում դպրոցի բացակայությունը Աղաջանին դրդում է ինքնակրթության: Աշուղություն սովորել է Սևանի Դդմաշեն գյուղում՝ աշուղ Գյուվթարու (Սարգիս) մոտ: 1864թին աշուղ–վարպետի կոչմամբ վերադառնում է գյուղ: 1865թ-ից մեկնում է ելույթների: Աշուղ Ջիվանու հետ որոշ ժամանակով աշխատում է Թիֆլիսի Կ. Սոնանյանցի  սրճարանում:
1874թ-ին վերադառնում է ծննդավայր և շարունակում ստեղծագործել մինչ ի մահ:
Հայտնի են Սազայու հաղթանակները աշուղ Պայծառեի (1904թ.) և աշուղ Ֆիզայու (1906թ.) հետ աշուղական մրցության մեջ:
1968թ. Սազային ամուսնանում է և ունենում երեք որդի և երկու դուստր:
Նրա երգերը հրատարակվել են մահից հետո` «Սազայի և Ենգի», «Ով Հայաստան» երգարաններում:
Նվագել է քյամանչա:
Հայտնի երգերից են՝ «Սիրահար կանի», «Սոխակ, արևելքից մինչև արևմուտ», «Միթե չգիտես»:

ՋԻՎԱՆԻ (Սերովբե Բանգոյան – Լևոնյան), 1846-1909թթ.:
Ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում: Նախնիները գաղթել են 1828թ. Բարձր Հայքի Բասեն գավառից: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում: Աշակերտել է ճանաչված աշուղ Սիայուն: Հետևողականորեն զբաղվել է ինքնակրթությամբ: Ալեքսանդրապոլում ապրած տարիներին Ալ. Արարատյանը նրան ուսուցանել է երաժշտական գրագիտություն:
19 տարեկան հասակում աշուղ Սազային նրան Կարծախից տարել է Թիֆլիս աշխատելու: Վերադառնալուց հետո նա հաստատվել է Ալեքպոլում: Երգել է Տալոյենց սրճարանում: Ամուսնացել է աշուղ Ջամալու (Մկրտիչ Տալյան) քրոջ` Աշխենի հետ և ունեցել վեց զավակ` Գարեգին, Պարույր, Գուրգեն, Արաքս, Հռիփսիմե և Լևոն:
1885թ. ընտրվել է Ալեքպոլի Համքարության ղեկավար:
1895թ. ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս և մահկանացուն կնքում 1909 թ.:
Աշուղ Ջիվանու երգերը բազմիցս հրատարակվել են առանձին գրքերով` 1882թ-ից մինչև 2009թ-ը:
Նվագել է ջութակ, քյամանի:
Հայտնի երգերից են՝ «Ձախորդ օրերը», «Խելքի աշեցեք», «Քանքարավոր ընկեր», «Ազգ իմ», «Ես մի ծառ եմ ծիրանի»:

ԱԹԱ (Աթա Սուջոյի Սայիլյան), 1852-1942թթ.
Ծնվել է Գորիսի շրջանի Քարաշեն գյուղում: Աշուղական արվեստը սովորել է Ղարաբաղի հայտնի աշուղ Հաթամի մոտ: Ստեղծագործել է հայերեն և թուրքերեն, հորինել է խրատական և երգիծական երգեր, հմտորեն կատարել է աշուղական հին երգերը, հեքիաթները:
1875թվականից մինչև 1935թ., շուրջ 60 տարի զբաղվել է աշուղությամբ, իր երգերով հանդես է եկել Անդրկովկասում, Թուրքիայում, Պարսկաստանում, Իրաքում և Սիրիայում:
Նվագել է սազ և ջութակ:
Հայտնի երգերից են` «Զորավար Անդրանիկ», «Ընծա հավը», «Մի ողբերգություն», «Նաբաթ խանում»:

 

ՄԱՀՈՒԲԻ ԳևՈՐԳ (Գևորգ Մանուկի Մանուկյան),1857-1935թթ.:
Ծնվել է Ապարանի շրջանի Երջնատափ գյուղում:
Աշակերտել է աշուղ Մահջուբիին, նրանից ստացել վարպետի աստիճան և «Մահուբի» աշուղական անունը:
Ծնողների մահից հետո նա պատրաստում է երեք լարանի ջութակ և լրջորեն զբաղվում աշուղությամբ:
Ամբողջ կյանքում զբաղվել է ինքնակրթությամբ: Հայտնի է նրա հաղթանակը  Ալեքպոլում կայացած աշուղական մրցության ժամանակ հայտնի աշուղ Ֆիզայուն, Ղարսում` նշանավոր երգիչ Խրթիզեցի Օհաննեսին:
Շրջագայել է Արևմտյան Հայաստանում, Հյուսիսային Կովկասում:
1912թվականին  Թիֆլիսում հրատարակված (Ենոք Խաչատրյանի ջանքերով) «Մահուբի Գևորգի գլխի անցքերը և խրատական երգերը» գիրքը անհետ կորում է:
Աշուղի 100-ամյակի կապակցությամբ հրատարակվել են նրա երգերի «Ջութակ» ժողովածուուն:
Նվագել է ջութակ:
Հայտնի երգերից են՝ «Ծնվա, եկա աշխարհ», «Գործ չունիս», «Հայրենիք», «Բախտ»:

ՇԵՐԱՄ(Գրիգոր Կարապետի Տալյան), 1857-1938թթ.:
ՀՀ գրողների միության անդամ: Ծնվել է Ալեքպոլում, սերում է աշուղների տոհմից: Մանկությունը անցել է հոր` Կարապետի հայտնի Տալոենց սրճարանում, որը աշուղների հավաքատեղի էր: Նրա պապը` Բաղդասարը, հայտնի աշուղ Քյամիլին էր: Պատանի հասակում սովորում է նվագել և երաժշտական գործիքներ պատրաստել:
1879թվականին կազմում է եռյակ և ելույթներ ունենում Բաքվում, Երևանում, Թիֆլիսում: Աստրախանում, մասնակցում է «Հայ գրերի ստեղծման 1500»-ամյակին: 1885թ. Շերամը, որպես թառահար, միանում է Հակոբ Մանուկյանի խմբին, որը ժամանակին լավագույններից էր և ելույթների է մեկնում Կարս, Էջմիածին և այլն: Շուտով Գրիգորը ստանում է Գոքոր պատվավոր անունը և բարձր գնահատականի արժանանում Ավ. Իսահակյանի և ժողովրդի կողմից:
1914թվականին Բաքվում նրա ելույթը լսում է Հովհ. Հովհաննիսյանը և որպես մետաքսի պես նուրբ երգեր հորինողի նրան կնքում է «Շերամ» անունով:
1915-1935թ. ապրում և ստեղծագործում է Թիֆլիսում, 1935-ից` Երևանում: Նրա առաջին երգը` «Պարտեզում վարդ էր բացված», լույս է տեսնում 1900-ին Ալ. Մխիթարյանի կազմած «Խաղեր և տաղեր» հատընտիրում: Հրատարակվել են «Երգիչ Գրիգոր Տալյանի քնարը», «Գանգատի շանթեր», «Սեր և կռիվ», «Անզուսպ արշավ», «Շերամ», «Երգեր» գրքերը
Շերամը նվագել է թառ:
Հայտնի երգերից են՝ «Շորորա», «Պարտիզում վարդեր բացված», «Դարձի մեկ աշե», «Զով գիշեր է», «Դու իմ մուսան ես», «Լռե երգդ», «Օլոր-մոլոր» «Վարդ ցանեցի», «Խեղճ հովիվ եմ», «Մի բալա է», «Անգութ դատաստան», «Սիրուն ես հոգյակ»:
  ԱՇԽՈՒՅԺ (Խաչատուր Սուքիասի Գրիգորյան), 1884-1961թթ.:
Հայաստանի գրողների միության անդամ:
Ծնվել է Ապարանի շրջանի Արագած գյուղում: 4 տարեկան հասակում հիվանդանում է «ծաղիկ» հիվանդությամբ և զրկվում տեսողությունից: Հայրը` Սուքիասը, գյուղի երգասացն էր և իր որդու առաջին ուսուցիչը: 14 տարեկանից նա հոր  հետ շրջում է գյուղից-գյուղ, որը հետագայում առատ նյութ է տալիս աշուղի ստեղծագործություններին: Հանգամանքների բերումով երկար ժամանակ գտնվում էր Ալեքսանդրապոլում, այստեղ նա մտերմանում է աշուղ Ջիվանու հետ, ումից սովորելու շատ բան ուներ: Հորինել է բազմաթիվ երգեր, հեքիաթ-սիրավեպեր, դաստաններ:
Հրատարակվել են նրա «Աշուղ Աշխույժի քնարը», «Ժողովրդի ընտրյալները», «Աշուղական», «Քնար», «Աղբյուր» ժողովածուները:
Նվագել է ջութակ:
Հայտնի երգերից են՝ «Սուրմալու», «Արի մեկ տեսնեմ»:

ՀԱՎԱՍԻ (Արմենակ Պարսամի Մարկոսյան),1896-1979թթ.:
ՀՀ գրողների և կոմպոզիտորների միությունների անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ:
Ծնվել է Ջավախքի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: Պապերը 1828-1830 թթ. գաղթել են Էրզրումից: Ընտանիքում ութ աղջիկների միակ եղբայրը` Հավասին, երեք տարեկանում հիվանդանալով «ծաղիկ» հիվանդությամբ, զրկվում է տեսողությունից: Աշուղություն սովորել է սկզբում ծերունի աշուղ Դովրանիի, այնուհետև` Ախալքալակի Սուլդա գյուղացի, աշուղ Թիֆիլու (Եղո Մանուկյան) մոտ: Վերջինս նրան տալիս է վկայական և կնքում «Հավասի» աշուղական անունով: 1929-1945թթ. Հավասին միանալով հայտնի դուդուկահար Սամսարեցի Հարությունին, զբաղվում է սազանդարությամբ:
1945թ-ից տեղափոխվում է Երևան և բնակվում մինչ ի մահ:
1945-1947թթ. մասնակցել է հանրապետական աշուղական ստուգատեսներին, 1960–ականներից` նաև Բաքվում կայացող աշուղների համագումարին:
Նրա երգերը հրատարակվել է առանձին գրքերով`  «Բուրմունք», «Երգեր», «Իմ քնարը», «Հասմիկ» և այլն:
Հավասին նվագել է սազ, թառ և դափ:
Հայտնի երգերից են` «Ի՞նչ, ի՞նչ ասեմ…», «Կոլխոզի չոբան», «Զուր կերթաս», «Եղնիկի պես», «Նազե-նազ»:

ԴՎԱԼԻ ՄԿՐՏԻՉ (ՄկրտիչՍահակի Սահակյան)1904-1998թթ.
Ծնվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում: Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Մոլեսման գյուղից: Աշուղ Դվալի  Սահակի որդին է: Կրթությունը՝ տարրական, զբաղվել է ինքնակրթությամբ:
2009 թվականին տպագրվել է նրա «կյանք թե տառապանք: Ինքնակենսագրական վեպը:
Ունեցել է վեց զավակ:
Հայտնի երգերից են՝ «Կռունկներ», «Արևշողին», «Նման է», «Անդրանիկին»:

ԱՇՈՏ (Աշոտ Հայրապետի Դադալյան), 1907-1989թթ.:
ՀՀ գրողների և կոմպոզիտորների միությունների անդամ, ՀՀ  ժողովրդական արտիստ:
Ծնվել է Գորիս քաղաքում,  Հայրապետի և Դիցուհու ընտանիքում: Փոքր հասակում եղել է գառնարած: 1921թ-ին ավարտում է Բաքվի Բաներիտ դպրոցը, բայց ձեռքը վերցնում է քյամանչան: 1930-ականներին մասնակցում է հանրապետական օլիմպիադաներին:
Աշոտը ապրել է Գորիսում և Երևանում: Գորիսի ուսուցչի տան պատին հենված երբեմն ստեղծագործում էր, այսօր այդ պատին ցուցանակ է կախված` Աշոտի անունով և կոչվում է «Գուսանի պատ»:1942-ից հրատարակվել են նրա երգերը «Գուսանական երգեր», «Գուսանի սերը»,«Սիրո կտավներ», «Ծովաստղիկս» և այլ երգարաններով:
Նվագել է սրինգ և քյամանչա:
Ամուսնացած է եղել և ունեցել է երեք զավակ:
Հայտնի են Աշոտի «Սարվորի երգը», «Սարի սիրուն յար», «Օջախում», «Ծովաստղիկս»:

                           ԻԳԻԹ (Գեղամ Մարտիրոսի Մարտիրոսյան) 1908-1996թթ.:
Ծնվել է Լենինականում, Գյումրի առաջին ուսուցիչը եղել է հայրը` սազահար և երգիչ Մարտիրոսը, իսկ պապը հայտնի աշուղ Մալուլն էր: Նրանց տունը հաճախակի հյուր էր գալիս հռչակավոր աշուղ Ջիվանին: Այդ տարիներին համաճարակ է բռնկվում, և վախճանվում է հայրը, իսկ մայրը երեք որբերի հետ տեղափոխվում է Թբիլիսի: Շուտով ի հայտ է գալիս նրա մոտ դերասանական տաղանդ, որը չի վրիպում նշանավոր բեմադրիչ Վարդան Աճեմյանի աչքից:    Գեղամին հրավիրում է աշխատելու Լենինականի Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում (մինչև 1945թ.): 1937-ից Իգիթին ճանաչում էին որպես աշուղ:   Նա մասնակցել է ժողովրդական ստուգատեսներին, ուներ իր անսամբլը և շրջագայում էր ոչ միայն Շիրակում, այլև` ողջ հանրապետությունում: Մինչև մահ ապրում և ստեղծագործում էր հայրենի քաղաքում: 1968թվականին հրատարակվում է “Շիրակն իմ մուսան” երգերի ժողավածուն:
Նվագել է քյամանչա:
Հայտնի երգերից են` «Սայաթ-Նովա», «Իմ Երևան», «Հայրենիքիս», «Պառավ յարս», «Ետ արի, թառլանս», «Համիդ մատաղ»:

ՇԱՀԵՆ (Շահեն Եղիազարի Սարգսյան) 1909-1990թթ.

ՀՀ ժողովրդական  արտիստ, ՀՀ և ԽՍՀՄ գրողների միության և Գրական ֆոնդի անդամ.  «Պատվո նշան» շքանշանակիր (1939թ.): Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի Խնուսաբերդ քաղաքում: 1937-41թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնում
1938-1941թթ.,որպես մեներգիչ  աշխատել է Թ. Ալթունյանի ղեկավարած երգի-պարի պետական անսամբլում, իսկ 1946-1948թթ.՝ Ի. Մոիսեևի ղեկավարած ԽՍՍՀ երգի-պարի պետական անսամբլում: ՀայՖիլհարմոնիայի կազմում ստեղծել է իր աշուղական անսամբլները՝ «Շահենի քնարը», «Երևան» և «Շիրակ» (1951-1982թթ.): 1945-1947թթ. մասնակցել  հանրապետական աշուղական ստուգատեսներին, 1960-ականներից՝ նաև Բաքվում կայացող ԽՍՀՄ աշուղների համագումարներին: 1973թ. արժանացել է առաջին կարգի մրցանակի Յունեսկոյի կողմից «Միջազգային երգի տրիբունա» փառատոնին (Ալմա-Աթա):
1982թ. Գյումրի (Լենինական) քաղաքում հիմնում է իր աշուղական դպրոցը: 1988թ. նկարահանվում է «Գուսան Շահեն» երաժշտական հաղորդում-ֆիլմում (սցենարը՝ պրոֆ. Մարգարիտ Բրուտյանի): Եղել է հանրապետական, միջազգային փառատոնների մրցանակակիր, աշուղների մրցության հաղթող  (1981թ. Բաքու):
Հրատարակվել են  «Գուսան Հայաստանի» ժողովածուն (2006թ.), «Անցա-Գնացի» երգարանը (2009թ.),  «Շահենի հուշամատյանը» (կենսագիր-հուշապատումը 2011թ. ):
Ամուսնացած է եղել և ունեցել է ութ զավակ:
Նվագել է քանոն:
Հայտնի երգերից են՝ «Սասնա ծուռ»,«Թուխ մազերուդ»,«Անցա-գնացի»,«Խռոված էր»,«Զեփյուռի նման»:

ԲԱԳՐԱՏ (Բագրատ Մովսեսի Ավետիսյան), 1915-1986թթ.:
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ճարտար գյուղում: 30-ական թվականներին նա հայտնվում է Լենինականի մանկատանը, որտեղ գրում է իր նշանավոր «Դերոնց ծորումը» երգը, որը արժանանում է մեծ հավանության: Ոգևորվելով շարունակում է ստեղծել «Տրակտորը», «Բամբակ», «Հոկտեմբեր» երգերը: 1936-ին վերադառնում է Երևան և ժողովրդական ստեղծագործության տան ուղեգրով սկսում է շրջագայել Հայաստանի գյուղերն ու շրջանները: 1946 թվից սկսած մասնակցում է համահայաստանյան ստուգատեսներին:
Նրան գնահատել են հայ արվեստի երախտավորներ Գարեգին Լևոնյանը և Մուշեղ Աղայանը: 1968-ին Երևանում հրատարակվում է աշուղ Բագրատի «Մանուշակներ» երգարանը:
Նվագել է թառ և մանդոլին:
Հայտնի երգերից են` «Բժիշկ, դեղ դիր վերքիս», «Սայաթ-Նովա», «Ընկերացու», «Արև ես դու ինձ համար»:

 ԾՈՎՅԱՆ (Գուրգեն Արշակի Ծովյան), 1916-1987թթ.:
Ծնվել է Իջևանի շրջանի Սևքար գյուղում, արհեստավորի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի 7-ամյա դպրոցում, այնուհետև` 1932-1933թթ. Երևանի Վ. Վարդանյանի անվան թատերական ստուդիայում: 1935-1938 թթ. սովորել է  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արևելյան երաժշտության բաժնում:
1945թ. Ծովյանին տրվում է աշուղ-վարպետի կոչում: 1950-1951թթ. աշխատում է որպես երգիչ-թառահար «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլում: 1957-ին ստեղծում է իր աշուղական խումբը և ունենում համերգային շրջագայություններ:
Ծովյանի երգերի ժողովածուն՝ «Ծովյանն եմ սևքարեցի»խորագրով՝ բաղկացած 50 երգից, մահից հետո հրատարակվել է իր որդիների նախաձեռնությամբ՝ 2001թ.-ին:
Նվագել է քյամանչա:
Հայտնի երգերից են «Հայ աղջիկ», «Որն է իմ մեղքը, յար ջան», «Սևքարը»:

ՀԱՅՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ (Հայրիկ Սիրականի Ղազարյան),1922-1995թթ.
Ծնվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում:
Պապերը գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Չլկանի գյուղից 1828-1830թթ.: Ավարտել է Գավառի մանկավարժական ուսումնարանը և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
Ստեղծագործել է երիտասարդ տարիներից:
1991 թվականին հրատարակվել է «Մշո  հավքեր» երգերի ժողովածուն:
1990թ.  Հայկական հեռուստատեսությունը նկարահանել է  նրան նվիրված ֆիլմ:
Ունեցել է յոթ զավակ:
Հայտնի երգերից են՝ «Մշո աղջիկ», «Անդրանիկ փաշա», «Մշո հավքեր», «Հայոց աղունակ», «Ինչ լուր ես բերել», «Իմացի՛ր»:

ԶԱՔԱՐՅԱՆ (Սարգիս Մկրտչի Զաքարյան), 1923-1995թթ.
Ծնվել է Լոռու մարզի Վահագնի գյուղում, .
Սովորել և ավարտել է Երևանի պետականմանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը:
Երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ, և զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
Ստեղծագործել է վաղ հասակից: 1937-ից մասնակցել է հանրապետական ժողովրդական ստեղծագործությունների
առաջին օլիմպիադաներին և գրավել առաջին տեղը: Արժանացել է ՀՍՍՀ մշակույթի վաստակավոր գործչի
կոչնան: Համերգներով հանդես է եկել  հանրապետության գրեթե բոլոր շրջաններում և գյուղերում:
Ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում:
Նվագել է թառ:
Հայտնի երգերից են` “Անմահ Թումանյան”, “Ղարաբաղ”, “Աննման եղնիկ”, “Աղբյուր երազ”, “Սայաթ – Նովա”,
Ամուսնացած է և ունեցել է հինգ զավակ:
2013թվականին լույս է տեսել նրա “երգը հավետ կմնա” երգարանը և “Ամեն մի գիշեր ունի լուսաբաց” ժողովածուն:

ՌԱԶՄԻԿ (Ռազմիկ Անդրանիկի Խաչատրյան), 1926-1993թթ.
Ծնվել է Արտաշատ քաղաքում: Կրթությունը միջնակարգ:
1947-ին ածխատել է շրջանային մշակույթի տան ժող. գործիքների անսամբլում, իսկ 1957-ից ղեկավարելով
այդ անսամբլը համերգային շրջագայության է մեկնել Խերսոնի մարզոի զինվորական հոսպիտալում
1977-1978թթ. աշխատել է Հայհամերգում, ղեկավարել է աշուղական անսամբլի գոծիքային մասը:
1973թ. Արտաշատի քաղաքային մանկական զբոսայգուն կից ստեղծում է ժող. գործիքների անսամբլ, որով
հաճախ հյուրախաղերի է մեկնել հանրապետության տարբեր շրջաներ և դրա սահմաններից դուրս:
Նրա երգերից հրատարակվել են ձայնասկավառակներով: 2004-ին հրաարակվել է “Երգ իմ թև առ” ժողովածուն:
Ամուսնացած է եղել և ունեցել չորս զավակ: Նվագել է թառ շվի, մանդոլին:
Հայտնի երգերից են` “Յար արի”, “Երգ իմ թև առ”, “Ինժիներ բալա”:

Ռուբիկ  (Ռուբիկ Բարսեղի Վարդանյան)
Ծնվել է 1927 թվականին  Ալավերդի քաղաքում: Ունի միջնակարգ կրթություն:
Երկար տարիներ աշխատել է Ալավերդու մշակույթի տանը՝ գեղմասվար: Ինքնուրյուն սովորել է նվագել դուդուկ և կլարնետ:
1963թ. Սայաթ – Նովայի 250 ամյակի կապակցությամբ Թբլիսիի Ստ. Շահումյանի անվան պետ. թատրոնից բերել է Սուրեն Ավչյանի “Սայաթ – Նովա” պիեսը և բեմադրել Ալավերդու ժող. թատրոնում` ստանձնելով Սայաթ – Նովայի գլխավոր դերը:
1967 – 1975թթ. Աշխատել է Հայաստանի պարի պետական, և Թաթուլ Ալթունյանի անվան երգի – պարի պետական անսամբլներում՝  դուդուկահար:
1975 – 1990թթ. եղել է  “Հայամերգի”  մենակատար:
2003թ. ձեռնադրվել է և ստացել որպես աշուղ-վարպետի կոչում:
Ամուսնացած է ունի 2 դուստր:
Երգեր է հորինել երիտասարդ տարիներից:
Հայտնի երգերից են՝  “Քաղցրաձայն դուդուկիս”,   “Սկեսուրի գանգատը”,  “Ինչ է պաշտոնը”

ՔՈՉԱՐ (Քոչար Բեգլարի Քոչարյան) 
  Ծնվել է 1927թ. Վայոց ձորի մարզի Հորբադիր գյուղում: 1946-49թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1950-55թթ.՝ Երևանի անասնաբուժա-անասնաբուծական ինստիտուտում: Ստեղծագործում է երիտասարդ տարիքից:
 Ամուսնացած է,  ունի վեց զավակ:
Հայտնի երգերից են՝ «Ինգո», «Հարսանեկան»: 

 

  ՀԵԶԻԿ ( Զարուհի Սամվելի  Եփրիկյան)
Ծնվել է 1934 թվականին Նինոծմինդայի “Բոգդանովկա” շրջանի Ղաուրմա գյուղում: Սովորել է Թբիլիսիի արդյունաբերական ինստիտուտում: Երկար տարիներ եղել է հայրենի գյույուղի մանկապարտեզի վարիչ: Ստեղծագործում է 1963 թվականից: Ստեղծագործությունները տպագրվել են  բազմաթիվ թերթերում և ամսագրերում: Ածուղական տաղաչափության կանոները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Ունի հրատարակված 5 գիրք. “Աղոթված կարապներ” (2005թ.), “Իմ հոգին” (2008թ),  “Հույսի արեգակ” (2009թ),  “Աղջիկը փարվանայից”    (2011թ),  “Աղոթքներիս մրմունջները” (2013թ.):
2004 թվականին ձեռնադրվել է և ստացել աշուղ- վարպետի կոչում:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Հայտնի երգերից են` «Աղոթված կարապներ», «Երևան», «Կապույտ երկինք»:

   ՄԵԽԱԿ  (Մեխակ Ռուշանի Թադևոսյան)
Ծնվել է 1934թ., Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 1940 թ.  տեղափոխվել է Արարատի մարզի Բյուրավան գյուղ, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթությունը: Դպրոցը ավարտելուց հետո, նույն գյուղում անցնում է աշխատանքի՝  գյուղի ակումբի վարիչ, 1950թվին՝ մշակույթի տան տնօրեն: Այժմ ղեկավարում է գյուղում գործող մշակույթի տան ինքնագործ անսամբլը:
1982թ. աշուղ Շահենի և Աշոտի ձեռնադրմամբ ստացել է աշուղ-վարպետի  կոչում:
Ամուսնացած է, ունի վեց դուստր:
Նվագում է դափ:
Հայտնի երգերից են՝ «Խաչքարեր», «Պարիր-պարիր», «Այգեպան աղջիկ»:

ԿԱՂՆԻ (Էմմա Աբգարի Բադալյան) 1935-2014թթ.
Ծնվել է  Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում: Ստացել է բանասիրական և բժշկական կրթություն: ՀԳԱ-ն հրատարակել է նրա կազմած «Քաղաքացիական կռիվները 1917-21թթ. Ղամառլուի շրջանում» տեղեկատու մատենագրությունը: Արցախյան հերոսամարտին նվիրված «Հերոս Մոնթե» երգով մասնակցել է Սայաթ-Նովայի անվան համահայկական մրցանակաբաշխությանը : Աշուղական տաղաչափություն ուսումնասիրել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
2003 թվականին ձեռնադրվել է և ստացել աշուղ վարպետի կոչում: 2005թ. տպագրվել է նրա «Սիրո Կաղնի»  և 2011-ին`«Ցանածս լույս է` ճշմարտության սերմ» գիրքը:
Հայտնի երգերից են`«Սիրուս մանանա», «Իմ Արտաշատ», «Հերոս Մոնթե»:

ԱՆԴՐԱՆԻԿ ՈԻՋԱՆՑԻ  (Անդրանիկ Սեդրակի Ղազարյան) 1937-2012թթ.
Ծնվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Ունի միջնակարգ կրթություն: 1982թ. աշուղ Շահենի կողմից ձեռնադրվել է իր եղբայրների՝ աշուղ Անուշի և աշուղ Արևշատի հետ միասին, ստացել է աշուղ վարպետի կոչում: Երեք աշուղ եղբայրներով հիմնել էին անսամբլ և համերգներով հանդես էին գալիս ինչպես Հայաստանի գյուղերում, այնպես էլ  ԽՍՀՄ-ի տարածքում գտնվող հայկական համայնքներում:
2005թ. հրատարակվել է նրա «Երգարանը»:
Ունեցել է երկու որդի:
Նվագել է քյամանչա և քյամանի:
Հայտնի երգերից են՝  «Իմ փերին», «Էրեբունի-Երևան»:

ԲԵՐԴ (Ժորա Զոհրապի Գասպարյան) 1937-2013թթ.
Ծնվել է  Արագածոտնի մարզի Ծաղկասար գյուղում: Նախնիները գաղթել են Մանազկերտի Դերկա գյուղից: Հայտնի ֆիդայի Դերկցի Դարմանի շառավիղն է:
1960թվականից բնակվում է Արմավիր քաղաքում: 1966-1974թթ. եղել է Արմավիրի կոնյակի գործարանի արտադրամասի պետ, թղթակցել է շրջանային և հանրապետական թերթերին:
1947-1992թթ. աշխատել է քաղաքային խորհրդում՝ տարբեր պաշտոններում:
1992-2003թթ. աշխատել է թիվ 15 գիշերօթիկ դպրոցի տնօրեն:
Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում: 2004թ. ձեռնադրվել և ստացել է աշուղ-վարպետի կոչում:
Ունի շուրջ հինգ հարյուր երգ: 2008թ. հրատարակել է  «Հոգևոր մանանա» երգերի և բանաստեղծությունների ժողովածուն:
Հայտնի երգերից են՝ «Կապույտ աչքեր»,  «Հերիք է տանջես», «Իմ սուրբ հայրենիք»:
ՕՆԻԿ  (Օնիկ Իսրաելի Մկրտչյան )
Ծնվել է 1937 թվականին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: Ունի միջնակարգ մասնագիտական կրթություն: Ինքնուրույն սովորել է քյամանչա նվագել և երգել է մշակույթի պալատի ինքնագործ խմբում: Անսամբլի հետ շրջագայության է մեկնել խորհրդային միության մի շարք  քաղաքներ: Աշուղական տաղաչափական կանոններ սովորել է աշուղ Ռազմիկից: 2004 թվականին ձեռնադրվել է և ստացել աշուղ  վարպետի կոչում: 2011 թվականին լույս է տեսել նրա «Աշուղի կանչով»  ժողովածուն: Նվագում է քյամանչա:
1998 թվականից ընդգրկվել է «Սայաթ-Նովա» մշակութային միության «Հայ աշուղներ» անսամբլում:
Ամուսնացած է ունի չորս զավակ:
Հայտնի երգերն են՝«Սայաթ-Նովա», «Սայաթ-Նովա աշուղական համույթը»:
ԶՈՒԼԱԼ (Վաղինակ Նորայրի Մնացականյան)
Ծնվել է 1938թ. Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում: Ավարտել է Երևանի գյուղմեխանիզացիայի տեխնիկումը:
ՀՀ գրողների միության անդամ է: Նրա բանաստեղծությունները բազմիցս տպագրվել են հանրապետական պարբերական մամուլում: 1981թ. տպագրվել է նրա «Գարնան աչքեր», 2002թ.` «Ծուռ թաթը», 2012թ.`  «Թևիկներ» մանկական բանաստեղծությունների ժողովածուները:
Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Հայտնի երգերից են՝ «Մշո աղջիկ, քելե», «Երգող թռչունն ուրիշ է», «Որդու սերը»:

ԼԵՅԼԻ (Լեյլի Սամվելի Եփրիկյան)
Ծնվել է 1942թ., Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջանի Ղաուրմա գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո սովորել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում: Աշխատել է հայրենի գյուղի դպրոցում՝ երգի ուսուցչուհի: Ստեղծագործում է մանկուց:
Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում: 2003թ. ձեռնադրվել է և ստացել է աշուղ-վարպետի կոչում: 2004թ. լույս է տեսել նրա «Կարոտի թևով»  խորագիրը կրող առաջին գիրքը, իսկ 2009թվին՝ «Խաս բաղի մեջ»  ժողովածուն:
Ամուսնացած է, ունի վեց զավակ:
Նվագում է դափ:
Հայտնի երգերից են՝ «Խաս բաղի մեջ», «Ով բախտ, անարդար», «Արի  ղարիբ ջան», «Եղնիկ յար», «Նաիրուհի»:
ԱՊԱ (Ժորա Ավետիսի Շեկյան)
Ծնվել է 1946 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում: Ավարտել է Երևանի հիդրոմելորատիվ տեխնիկումը: Քարտեզագիր-գեոդեզիստ է:  Ստեղծագործում է երիտասարդ տարիքից: Երգեր սկսել է գրել հասուն տարիքում: Ստեղծագործություններից տպագրվել են «Ավանգարդ» թերթում:
Աշուղական արվեստի տեսության մեջ հմտացել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
2003թ. ձեռնադրվել և ստացել է աշուղ-վարպետի կոչում:
2004թ.  հրատարակվել է  նրա «Զարմանք ես, աշխարհ» ժողովածուն:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայտնի երգերից են` «Արցախի արծիվ», «Ճանաչիր»:

ԵՐԱԶ ՄԱՐԳԱՐԵՑԻ ( Էմմա Հայկի Հովհաննիսյան)
Ծնվել է 1946թ. Արմավիրի մարզի Մարգարա գյուղում:
Ավարտել է Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումը և անցել է բուժքույրական կուրսեր, տարիներ շարունակ զբաղվում է բուժքույրությամբ:
2005 թվին ձեռնադրվել է և ստացել է աշուղ վարպետի կոչում: Բազմիցս տպագրվել է հանրապետական պարբերական մամուլում: Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Հայտնի երգերից են՝  «Ամպել է երկինքը» ,«Հայոց ծաղկին», «Արև դարձիր», «Օրորիր»:
ՊԱՐԳԵՎ ԹԻՖԼԻՍԵՑԻ (Սարգիս Անդրեյի Հակոբյան)
  Ծնվել է 1947թ. Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի թիվ 95 հայկական դպրոցում: Ստեղծագործում է 2002թվականից:
  Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
  Ամուսնացած է, ունի երեք զավակ:
  Հայտնի երգերից են՝ «Սիրուն աղջիկ»,«Էսօր կուզեմ»: 
ԱԼՄԱՍՏ (Զեմֆիրա Հովհաննեսի Միլիտոնյան )
  Ծնվել է 1948թ. Երևան քաղաքում:Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան  պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը: Արցախյան գոյա-մարտի ազատամարտիկ է: ՀՀՊՆ-ի կողմից պարգևատրվել է մեդալներով, այդ թվում՝ «Վազգեն Սարգսյան», «Մարտական ծառայություն», «ՀՀ զինված ուժեր-20», Արցախի Հանրապետության ՊԲ-ի կողմից՝ «Մայրական երախտագիտություն», և շքանշաններով՝«Մարտական գործողություն»,«Երկրապահ», Արաբկիր համայնքի կողմից՝«Վերածնված Արաբկիր» Իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ Մշակույթի Նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: 2002թ. մասնակցել է  «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությանը՝ «Աշուղներ» երգով և ստացել 3-րդ մրցանակը: 2005թ. ձեռնադրվել է և ստացել աշուղ-վարպետի կոչում: «Ալմաստ» ժող. գործիքներ անսամբլի գեղ. ղեկավարն է և հիմնադիրը: «Ալմաստ» մշակութային և «Բազմազավակ մայրեր» միությունների հիմնադիր նախագահն է: 2008թ. հրատարակվել է նրա  «Հայ երգի կանչ» երգարանը:
  Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նվագում է դափ

  Հայտնի երգերից են՝ «Աշուղներ», «Գիտեմ կգաս», «Ծով ես, ծով ես»: 
 ԱԼԻՔ-ՋԱՎԱԽՔ (Ալիկ Մարգարի Քսպոյան)
Ծնվել է 1950թ. Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջանի Ջիգրաշեն գյուղում: Ավարտել է Բլագովեշչենսկի մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական բաժինը: 1989թվականից աշխատում է Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն և ղեկավարում է Ջիվանու անվան աշուղական դպրոցի մասնաճյուղը:
Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայտնի երգերից են՝ «Իմ Ախալքալաք», «Առաջին սեր», «Ջավախք»:

ՌԱԶՄԱՐ ՍԱՍՈՒՆՑԻ (Ռազմարա Պանդուխտի Վարդանյան)
Ծնվել է 1952թ. Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում: Ավարտել է Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցը: Աշխատել է Թալինի մշակույթի տանը:
Ավարտել է Նովոսիբիրսկի Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանը: Երգել է  «Մարաթուկ» և «Գանձասար» անսամբլներում:
Աշուղական տաղաչափական կանոները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Հիմնադրել է «Սասնա ծռեր» և «Էրգիր» աշուղական երգի անսամբլները:
2005թ.  ձեռնադրվել է և ստացել  աշուղ վարպետի կոչում:
2008թ.  տպագրվել է նրա «Անցնինք Սասուն, մտնինք Վան» և 2012թվականին՝ «Անուշ էրգիր»  գրքերը:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայտնի երգերից են՝ «Անցնինք Սասուն, մտնինք Վան», «Հավքերն Էկան», «Անդրանիկին»:
 ԵՐԱՄ (Գագիկ Ամիրջանի Սարգսյանց)
Ծնվել է 1955 թ. Երևանում: Ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը:
2009թ.  ստեղծել է «Երամ» անսամբլը: 2010 թ. ձեռնադրվել է և ստացել  աշուղ-վարպետի կոչում:
Ստեղծագործում է երիտասարդ տարիներից: Աշուղական տաղաչափական կանոնները սովորել է Ջիվանու
անվան աշուղական դպրոցում:
“Գոգնոցդ կապել ես” երգը 2009թվականին Լոս-Անժելոսում կազմակերպած
փառատոնում արժանացել է մրցանակի:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայտնի երգերից են` «Չի հագենալու», «Աղբյուրը», «Ամուսինների վեճը»:
ՈՍԿԵՀՈՒՐ  (Ոսկեհատ Բալաբեկի Մարգարյան)
Ծնվել է 1956թ. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: 1828-1829թթ. պապերը գաղթել են Ալաշկերտից:
Սովորել և ավարտել է  Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի հաշվապահական հաշվառում բաժինը:
Սովորելուն զուգահեռ երգել է Կառլեն Միրզոյանի ղեկավարած ինքնագործ խմբում:
Երգել է  «Սասուն», «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի և  «Հայ աշուղներ» անսամբլներում:
Ստեղծագործում է երիտասարդ տարիներից: Ստեղծագործությունները բազմիցս տպագրվել են հանրապետական մամուլում:
Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նվագում է քանոն:
Հայտնի երգերից են՝  “Սերդ անուշ”, “Երազն ես, իմ”, “Հայաստան”,  “Ախ, թե ճար լիներ”  “իմ Լաթար”:
 ԲԱՐՍԵՂ (Բարսեղ Մարտիրոսի Բարսեղյան)
Ծնվել է 1957 թ., Իրանի Փերիա գավառի Հազարաջրիբ գյուղում: 1967 թ. ծնողների հետ հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի թիվ 1 ուսումնարանում և ստացել ֆրեզերագործի մասնագիտություն, զուգահեռ երգել է տարբեր ինքնագործ խմբերում: 1992-93 թթ. սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի  քահանայից լսարանում: Ստեղծագործում է մանկուց: 2001, 2002 և 2004 թվականին  համերգներով մեկնել է ծննդավայր: Ստեղծագործությունները տպագրվել են Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթում:
Աշուղական տաղաչափություն սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Հայտնի երգերից են` «Ուր ես, իմ անգին», «Հարսանիքի երգ»:
ԱՍՏՂԱՆՈՒՇ (Աստղիկ Վոլոդյայի Մելիքբեկյան)
Ծնվել է 1959թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ մտավորականների երաժշտական ընտանիքում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը:
Աշխատել է  մանկավարժ հայրենի գյուղի դպրոցում (1980-1996թթ.), որպես հայոց լեզվի և գրականության դասախոս՝ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում (1994-1999թթ. ), 1998-2002թթ. ղեկավարել է ՀՀ Տավուշի մարզպետարանի մշակույթի բաժինը, 2004-2008թթ. աշխատել է ՀՀ Մշակույթի նախարարությունում:
Հանրապետական և միջազգային փառատոնների և մրցույթների դափնեկիր է: Ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում: 1999թ. հրատարակվել «Լույս և ստվեր» բանաստեղծությունների ժողովածուն: Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
2009թ. ձեռնադրվել է և ստացել աշուղ-վարպետի կոչում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայտնի երգերից են՝ «Իմ յարը սոխակ է», «Դե խոսիր, լռած բլբուլս», «Եկել էիր», «Սև վարդի փուշ է քո սերը»:
  ՄԱՆՎԵԼ (Մանվել Անդրանիկի Մարդոյան)
Ծնվել է  1959 թ. Տաշիրի մարզի Կաթնառատ գյուղում: 1828-1830թթ. Նախնիները գաղթել են Ալաշկերտից: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղում: Ստեղծագործում է պատանի հասակից: Ստեղծագործությունները  բազմիցս տպագրվել են  հանրապետական մամուլում:
Աշուղական տաղաչափություն սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
2004 թ. ձեռնադրվել է և ստացել աշուղ-վարպետի կոչում:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Հայտնի երգերից են` «Աննման յար»,«Աշուղ մարդ եմ», «Իմ բալիկ», «Երանի յարս գար»:

 ՐԱՖՖԻ  (Ռաֆիկ Գառնիկի Հակոբյան)
Ծնվել է 1960թ. Երևանում: Ավարտել է Երևանի երաժշտական մանկավարժական ուսումնարանի վոկալի բաժինը: 1984 -ից, ուսմանը զուգահեռ, աշխատել է Հայֆիլհարմոնիայում` երգիչ և քյամանահար, իսկ  1988-92թթ Երգչախմբային ընկերության երգչախմբում`  երգիչ: 1992 -ից աշխատում է ՀՀ Հանրային  ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլում՝  երգիչ-քյամանահար: Աշուղական արվեստի տեսության մեջ հմտացել է  Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Նվագում է քյամանչա և  քյամանի:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Հայտնի երգերից են` «Ձոն աշուղ Ջիվանուն», «Հայության հատուկ տեսակ», «Սայաթ-Նովա»:
ԳԵՎՈՐԳ (Ժորա Ավետիքի Գրիգորյան)
Ծնվել է 1965թ., Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզմաթ դպրոցը, այնուհետև  նույն համալսարանի մաթեմատիկայի բաժինը, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1988-ից  ընդգրկվել է  «Գանձասար» անսամբլում, իսկ 1992 -ից «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլում` երգիչ:
Ամուսնացած է ունի երկու զավակ:
Հայտնի երգերից են՝ «Վիրավոր հայդուկի երգը», « Մովսես Գեորգիսյանին», «Թաթուլ Կրպեյանին»:

   ՆԱԶԵԼԻ (Նազիկ Լենտուշի Գրիգորյան )
Ծնվել է 1965թ. Տավուշի մարզի Բաղանիս գյուղում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը:
Ստեղծագործում է դպրոցական տարիքից: 2002-09թթ. «Իմպուլս» ռադիոկայանում վարում էր «Հին ու նոր աշուղներ» խորագրով հեղինակային  հաղորդաշարը: 2005թ. լույս է տեսել նրա  «Հարսնաքար» գրքույկը:
Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
2013թվականին ստացել է աշուղ վարպետի կոչում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայտնի երգերից են՝  «Իմ սուրբ մատուռ», «Կարմիր վարդի ալն եմ սիրում», «Մոշ աչքեր»:
ՄԽԻԹԱՐ (Մխիթար Վլադիմիրի  Քեթցյան)
Ծնվել է 1972թ., Դիլիջանում: Ծնողները ծագումով Գանձա գյուղից են: Հայրը բանաստեղծ է: Աշուղ Մխիթարը ավարտել է տեղի երաժշտական յոթնամյա դպրոցի ջութակի դասարանը, այնուհետև Վանաձորի Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի քյամանչայի դասարանը, իսկ 1996թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժինը (քյամանչա):
1994-ից աշխատում է ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլում՝ քյամանահար և երգիչ:
2003թ. «Երբ կհոգնեմ տարեք ինձ հեռու մեր Գանձա» երգով (խոսք` Վահան Տերյանի) մասնակցել է Սայաթ-Նովայի անվան համահայկական մրցանակաբաշխությանը և արժանացել առաջին մրցանակի:
Աշուղական տաղաչապական կանոնների մասին հմտացել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայտնի երգերից են՝ «Իմ մայրիկ», «Խոսիր, անգին»
  ՀՈՎԵՐ (Հովհաննես Արագեղեցիկի Հայրիկյան)
Ծնվել է 1978թ. Գյումրի քաղաքում:
Սովորել է տեղի երաժշտական դպրոցի քյամանչայի դասարանում:
1992թ. մասնակցել է «Ամադեուս» փառատոնին և արժանացել աշուղ Իգիթի ուշադրությանը, և վարպետի հետ մեկնել է համերգային շրջագայությունների Հայաստանում, Վրաստանում և Ջավախքում: 1992-ից աշակերտել է աշուղ Իգիթին: 1997թ. ավարտել է Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի քյամանչայի դասարանը, 2002թվականին  ավարտել  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քյամանչայի և խմբավարական բաժինները:
Աշխատում է ազգային նվագարանների պետական նվագախմբում:
Գրում է աշուղական երգեր, գործիքային և նվագախմբային ստեղծագործություններ:
Աշուղական արվեստի տեսության մեջ հմտացել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:
Ամուսնացած է, ունի որդի:
Հայտնի երգերից են՝«Իմ քյամանչա», «Ով իմ Հայաստան», «Կարոտ»: