2011թ-ի հոկտեմբերի 8-ից ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի վաստակավոր անսամբլը համերգային շրջագայության է մեկնում Ռուսաստանի Դաշնության հայաշատ քաղաքներ` Ադլեր, Լազարևսկ, Գելենջիկ, Անապա, Նովոռոսիյսկ, Կրասնոդար, Լաբինսկ, Արմավիր, Ստավրոպոլ, Ռոստով, Վոլգոգրադ, Սարատով, Սամարա, Պենզա, Կազան և Իժեվսկ:
Համերգային շրջագայությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20ամյակին:

Պետություն պետության մեջ

Այսօր մեր մշակույթի մի ամբողջական ոլորտ, որքան էլ տարօրինակ լինի, մնացել է պետության տեսադաշտից դուրս. բառիս բուն իմաստով: Մեր երաժշտարվեստի հորդահոս ճյուղն է, որը գալով ժամանակների խորքից` այսօր էլ կենսունակ է և իր արժեքներն է ստեղծում ու մատուցում ժողովրդին: Խոսքը աշուղական արվեստի մասին է:
Կարողանո՞ւմ ենք մշակութային մեր այս ժառանգությունը պահպանել ու փոխանցել սերունդներին: Քանզի պահպանելն ինքնանպատակ չէ. ժողովուրդն արվեստի մեջ տեսնում ու ճանաչում է իրեն և հարազատ մնում իր հոգևոր ակունքներին, գեղագիտական միջավայրին: Այս պարագայում է, որ նրա զարգացումն ընթանում է բնականոն ճանապարհով:

 Աշուղական երգի առաջին անսամբլը, որը կոչվում էր  «Հայ աշուղներ», ստեղծվել է 1927 թվականին: Հիմնադիրը Շարա Տալյանն էր: 1942-ից անսամբլը (արդեն`  «Սայաթ-Նովա») ղեկավարում էր Վաղարշակ Սահակյանը: Երեսուն տարի հաջողությամբ գործելուց հետո` 1972- ին, կոմունիստական գաղափարախոսության հետ կապված անհեթեթ պատճառաբանությամբ, անսամբլի գոյությունը դադարեցվեց: Վերջին այդ տարում այնտեղ երգում էր նաև դեռևս պատանի` 17-ամյա Թովմաս Պողոսյանը:

Հետագայում մեր օրերի անվանի արվեստագետը գնաց իր ճանապարհով, ձեռք բերեց բանասերի մասնագիտություն, ապա սովորեց կոնսերվատորիայում, դարձավ Կոմիտասի անվան երաժշտանոցի պրոֆեսոր, դասավանդեց հայ աշուղական երգարվեստ առարկան, և այլն և այլն: Բայց, ինչպես ինքն է խոստովանում, դեռևս այդ` պատանեկան տարիներից ձևավորվեց  «Սայաթ Նովա» անսամբլը վերականգնելու գաղափարը ու դարձավ անվերապահ նպատակ: Նպատակն այնպես ամրակայվեց գիտակցության մեջ, որ իր կյանքն էլ կառուցեց դրան հասնելու տրամաբանությամբ: Ինչպես գիտենք` աշուղական արվեստը ժողովրդականի` ֆոլկի պրոֆեսիոնալ տեսակն է: Աշուղն ինքն է գրում երգի թե՛ խոսքերը, թե’ երաժշտությունը: Թովմաս Պողոսյանը, ստանալով երկու մասնագիտություն` բանասերի և երաժշտի` խոսքի և մեղեդու, մտածեց, որ այդպես լավագույնս խորամուխ կլինի աշուղական արվեստի մեջ և՛ որպես գիտնական, և՛ որպես կատարող-մեկնաբան:

Ավելին` կոնսերվատորիան ավարտելուց անմիջապես հետո մտավ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան ու սկսեց ուսումնասիրել այնտեղ պահվող հայ աշուղների արխիվները: Տեղեկացավ` ի՞նչ կար, ի՞նչ չկար, ի՞նչ ժառանգություն է հասել մեզ, թեկուզ այս դեպքում` քնած դարակների մեջ: Ամենը հավաքեց, դասդասեց, ի մի բերեց:

 

1992-ին Թովմաս Պողոսյանը վերականգնեց  «Սայաթ Նովա» անսամբլը: Այն ընդգրկվեց պետական ռադիոընկերության կազմում` ստացավ պետական կարգավիճակ: Սակայն 1999-ին` յոթ տարի անց, միանգամից լուծարվեցին ռադիոընկերության բոլոր երաժշտական կոլեկտիվները, այդ թվում և  «Սայաթ-Նովան»: Հայտարարվեց` վե՛րջ. պետությունն այլևս փող չունի, այդ նպատակով գումար չի տրամադրելու (հետագա տարիներին երկու կոլեկտիվ այնուամենայնիվ վերականգնվեցին):
Թովմաս Պողոսյանն հեշտությամբ չէր հասել տարիների իր երազանքին, որ հեշտությամբ էլ հրաժարվեր դրանից: Անսամբլը չցրեց, պահեց արդեն սեփական ուժերով: Պահեց` ինչպես կարող էր, ինչ հնարավորություններ կգտներ, ով կկարևորեր հայ աշուղական երգարվեստն ու կաջակցեր նրան: Ահռելի ջանքեր էին պահանջվում, բայց նա չընկրկեց, ու  «Սայաթ-Նովան» ահա այսքան տարի կրկին բեմում է: Ոչ միայն պահեց. անսամբլը նաև պետք է զարգացում ապրեր, նրա գործունեությունը պետք է համահունչ լիներ նոր օրերին, այդ օրերի պահանջներին: Արտիստների թիվը համարյա կրկնապատկվեց, աշուղական շատ երգեր, որ հայտնաբերել-հանել էր արխիվային դարակներից, կյանք ստացան: Այսօր անսամբլի երգացանկի մի մասը հենց այդ` մոռացությունից փրկված երգերն են:

Քանի՞ կյանք

Աշուղական արվեստը ոլորտ է, ուր պետք է համակողմանի նայես խնդիրներին ու համակարգված լուծումներ գտնես: Հակառակ դեպքում կամաց-կամաց, կորցնելով կենսունակությունը, ոլորտը կմեռնի: Այնպես որ` միայն անսամբլով չէ: Դե, եթե պետությունը երես է թեքել ոլորտից, միտք չունի մատը մատին խփելու, ի՞նչ է մնում քեզ. դու` նվիրյալդ, պետք է անես` ինչ կարող ես:

Եվ աջակիցների հետ հիմնադրեց  «Սայաթ-Նովա» մշակութային միությունը: Նախ և առաջ հարկ էր ապահովել ազգային երգարվեստի այս ճյուղի շարունակականությունը. պետք էր մասնագետներ պատրաստել: Եվ հիմնեց Ջիվանու անվան աշուղական դպրոցը: Եթե որևէ մեկը կասի, թե այս արվեստը մեզանում արդիական չէ կամ սիրված չէ` թող նայի արդյունքները. ամեն տարի դպրոցում ուսանում է մոտ 150 երեխա, այս տարիների ընթացքում այն ունեցել է շուրջ 1000 շրջանավարտ: Ընդ որում` պարտրաստում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր հետագայում սովորում են երկրի տարբեր բուհերի երաժշտական բաժիններում, այդ թվում` պետական կոնսերվատորիայում:
Իսկ գիտական-հրատարակչական աշխատա՞նքը. արխիվներում հազարներով երգեր կան, բարձրարժեք ստեղծագործություններ, որոնք պետք է հանել փոշիների միջից ու վերադարձնել ժողովրդին: Ուստի պետք է ուսումնասիրվեն դրանք, ենթարկվեն գիտական-մատենագիտական հետազոտությունների ու հրատարակվեն առանձին գրքերով: Պետական կառույցները չկան, կրկին բացակա են այս հարցում: Ու էլի՛ նա, էլի՛ Թովմաս Պողոսյանը: Չզարմանաք. նա մի հսկայական ինստիտուտի գործ է անում, այն էլ` արդյունավետ գործող ինստիտուտի:

Ապշել կարելի է գործի ծավալից, ստանձնած աշխատանքների բարդությունից, մասնագիտական բարձր պատրաստվածություն պահանջող խնդիրների այն շարքից, որ կարելի է թվարկել ու թվարկել: Մի բան էլ. նա դեռևս պատանեկան տարիներից` 17 տարեկանից, զբաղվում է հավաքչությամբ. քաղաքից քաղաք, գյուղից գյուղ ընկած` մերօրյա ասացողներից հավաքում ու փրկում է ժողովրդական ստեղծագործությունները, նաև աշուղական երգերն ու դրանց պատառիկները: Նրա հավաքածուի մեջ արդեն կա շուրջ 6000 ստեղծագործություն: Եվ ցավում է, որ այսօր էլ, ինչպես նախկինում, ման չի գալիս բնակավայրերով ու չի փրկում կորսվող մասունքները: Պարզապես ժամանակը չի ներում, չի կարող այլևս: Չնայած` քանի՞ կյանք կբավականացնի այդ գտածոները կարգավորելու, կազմելու, հրատարակելու համար: Եվ տեսնես` ո՞վ կանի դա, կգա՞ անողը, կծնվի՞ նա և` ե՞րբ:

Այսքա՜ն գործ

Դա` բանահավաքությամբ: Իսկ երբ տարիներ շարունակ պրպտում, փնտրում էր պետական արխիվներում, ազգային գրադարանի արգելված ֆոնդերում, անձեռնմխելի պահոցներում, նաև անհատների արխիվներն էր ուսումնասիրում, ի՞նչ էր գտնում, ի՞նչ էր վեր հանում այդ տեղերից:
Ասենք և կրկին ապշենք. մի տարի առաջ նա հրապարակեց Ջիվանու անտիպ գործերի ստվարածավալ հատորյակը` շուրջ 450 երգ: Գործի ահռելի ծավալը պատկերացնելու համար նախ պետք է գիտենալ, թե ինչ աշխատանք է նախորդում երևացող այս արդյունքին: Գտնելուց հետո պետք է հազարավոր այդ ձեռագրերի տեքստերը վերծանել: Լավ, վերծանեց, բայց ի՞նչ իմանաս` տվյալ գործը երբևէ որևէ տեղ տպագրվե՞լ է, թե՞ ոչ. ձեռքի տակ չէին կարող բոլոր հրատարակությունները լինել:

Այս հարցը մեկընդմիշտ կարգավորելու, նաև իրենից հետո եկող ուսումնասիրողների գործը հեշտացնելու համար նա կազմեց Ջիվանու ստեղծագործությունների մատենագիտությունը, ստեղծեց քարտադարան: Կրկին հիշեցնենք. գործ ուներ հազարավոր ստեղծագործությունների հետ: Եվ այս ամենն անում էր մենակ, մեն մենակ: Անում էր առանց վարձատրության, անում էր մասնագետի արժանապատվության, նվիրյալի, հայրենասերի, արվեստագետի պարտքի գիտակցությամբ, ներքին մղումով:

Այսօր էլ կան աշուղներ, այսօր էլ արվեստի այս ճյուղը կենսունակ է ու զարգանում է: Ձևավորել են աշուղների միություն, որին անդամակցում է մոտ 40 աշուղ: Հրատարակում են վերջիններիս երգերի ժողովածուները, նաև նրանց համերգներն են կազմակերպում: Այս տարի էր, որ Արամ Խաչատրյան համերգասրահում միանգամից բեմ ելավ ժամանակակից 25 աշուղ: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում:

Արդյո՞ք…

Հիմա` կարևորի մասին. մեր պետական այրերը գիտե՞ն, որ արվեստի այս ճյուղը պահելու համար այսպիսի` մարդու մտքից վեր, մարդու մտքից դուրս աշխատանք է անում մեն մի մարդ: Որ այս մարդը պետության գործն է անում: Տեղյակ ենք` մեր պատմության ընթացքում շատ են եղել նման անհատներ, որ համակարգային գործառույթներ են իրականացրել: Հեշտությամբ էլ կթվարկենք` Մխիթար Սեբաստացի, Խաչատուր Աբովյան, Կոմիտաս, և այլն, և այլն: Բայց, ախր, դա լավ օրից չի եղել. պետությո՛ւն չենք ունեցել: Հիմա ինչո՞ւ այդպես անենք: Հիմա՞ ինչու այս մարդը, նաև նրա կողքին գտնվող մի քանի այլ անհատներ պետական կառույցի գործ անեն: Բա պետությունն ո՞ւր է, ո՞ր ուղղությամբ է նայում: Ի՞նչ է, պարզ չէ՞, որ աշխարհում գոյություն չունի ազգային դասական մշակութային որևէ կառույց, որ չպահվի պետության կողմից: Նույնն է թե` պետական կարգավիճակ չունենա ու պետական ֆինանսավորում չստանա մեր օպերային թատրոնը կամ Սունդուկյան թատրոնը: Կամ էլ գուցե չե՞նք ընդունում, որ աշուղական երգարվեստն էլ է մերը, մեր մշակույթի մի մասը: Լավ, այդ դեպքում մեր մշակութային դաշտի ո՞ր հատվածում ենք դնում Սայաթ-Նովային և Ջիվանուն:

«Ինչպե՜ս»-ը

Հիմա ներկայացնենք, թե ինչպես է աշխատում այս ասպարեզի գեներալը` մաեստրո Թովմաս Պողոսյանը: Էս գլխից ասենք, որ նա և նրա հիմնած այսքան կառույցները չունեն անգամ մեկ քառակուսի մետր օգտագործման սեփական տարածք: Ինքնաբերաբար հնչող առաջին բացականչությունը, պատկերացնում եմ, լինելու է  «ինչպե՜ս»-ը: Պարզապես մաեստրոյին ձեռք է մեկնել ՀՀ ԿԳ նախարարության գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրենն ու փորձասենյակ է տրամադրել անսամբլին: Ջիվանու անվան դպրոցն էլ գրանցված է որպես նույն կազմակերպության խմբակ, որպեսզի հնարավոր լինի նրա գործունեությունն իրականացնել նույն վայրում:

– Երբ փորձերն ավարտվում են,- Թովմաս Պողոսյանն այսպես է ներկայացնում,- նստում եմ մեքենաս, գնում ու կանգնեցնում եմ երթևեկությանը չխանգարող մի հարմար տեղ ու սկսում եմ աշխատել. հեռախոսներով այս-այն հարցն եմ լուծում, այս-այն խնդիրը կարգավորում: Հասկանալի է` կազմակերպչի ու գեղարվեստական ղեկավարի անթիվ գործեր:

Հրաշալի է. մենք մեր արվեստի նման երախտավորին ստիպում ենք, որ տիտանական գործ անի աշխատանքային պայմանների իսպառ բացակայությամբ: Գուցե աշուղական երգարվեստը Թովմաս Պողոսյանի անձնական տարա՞ծքն է, գուցե աշուղական երգարվեստը հեչ կապ չունի՞ այս ժողովրդի և նրա մշակույթի հետ:

Հիշեցնենք. Թովմաս Պողոսյանը Ջիվանու անհայտ երգերի ընտրանին հրատարակեց մեծ աշուղի մահվան 100-ամյա տարելիցի առթիվ: Եվ հրատարակեց ինքնուրույն` փնտրած-ճարած հովանավորների նվիրատվությամբ: Հիմա հարցնենք` դա պետակա՞ն խնդիր էր, թե՞ ոչ:
2012-ին էլ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակն է: Մեծ բանաստեղծի երգերի ձայնագրյալ լիակատար ժողովածուն վերջին անգամ հրատարակվել է 1963-ին: Այս տասնամյակների ընթացքում նախկինում անհայտ մնացած բավականին նոր գործեր են ի հայտ եկել: Հիմա նա հիշեցնում է, որ ժամանակն է վերահրատարակել Մեծ աշուղի ձայնագրյալ երգերի նորացված լիակատար ժողովածուն: Պատասխանել են` ծախսատար գործ է. հնարավոր է հրատարակել ընդամենը 300 օրինակ տպաքանակով:

Բայց արդյո՞ք 300 օրինակ Սայաթ-Նովան կհասնի մարդկանց, մեծ երգահանի գործերի վերաբերյալ կհարուցի՞ զանգվածային հետաքրքրություն: Դուրս է գալիս` այս գործն էլ պետք է մնա նրա վրա. նա՛ կրկին պետք է փող ճարելու գործով այս ու այն դուռը թակի, սրան ու նրան դիմի:

Մեր տան մեջ

Այն պատճառաբանությունները, թե պետութունը փող չունի, այլևս չեն համոզում: Առավել ևս, որ պետությունը պարտավոր էր նման բաների համար վաղուց փող ունենալ: Սա երկրորդական հարց չէ. վերաբերում է ուղղակիորեն նրան, թե ինչ սերունդ դու կունենաս վաղը. նա կկապվի՞ իր ազգային արմատներին, կապրի՞ իր ազգային հոգևոր-մշակութային տարածքում, կապրի՞ հայրենիքի հոգսով, թե՞ անկերպար ու անդեմ` կպտտվի մեր տեսակի առանցքի շուրջ ու երբեք չի մոտենա հիմքին:
Կամ այդ ո՞վ ասաց, որ փողը պակաս է, երբ աչքներիս առաջ, յուրաքանչյուր մեծ թե փոքր տոնակատարության ժամանակ, դրսից ենք արվեստագետների հրավիրում, նրանց ենք պատվում: Հետն էլ` մի ճամպրուկ փողով ճանապարհում: Կարծես պատմությունից մեզ հասած չարագուշակ ճակատագիր է. մեզանում մշակույթի մարդը պետք է գոյությունը քարշ տա. հայ մտավորականի կերպարին անհարիր է արժանապատիվ ապրելը:

Կամ` էլի՞ փողն է պակաս, որ մեր եթերը վաղուց այլևս մերը չէ. մեր արվեստագետինը չէ, նաև Կոմիտասինը չէ, Սայաթ-Նովայինը չէ: Դատարկաբանություններով սերունդ ենք մեծացնում: Եվ Աստված չանի, որ վաղը կրկին անիծենք մեր բախտը, թե` այս անգամ էլ չբերեց: