«Սայաթ-Նովա» մշակութային միություն

  «Սայաթ-Նովա» մշակութային միությունը ստեղծվել է 1995թ.՝ «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի հենքի վրա: Այն կոչված է ոչ միայն պահպանելու, այլև սերունդներին փոխանցելու հայ աշուղական հարուստ և անապական երգարվեստը, նպաստելու սերունդների գեղագիտական և բարոյական դաստիրակության կարևոր գործին:
1997թ. Միությունը հիմնեց Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոցը, որտեղ աճում են վաղվա սայաթ-նովայականները: Երգեցողության և ազգային նվագարանների դասարաններում դասավանդում են «Սայաթ-Նովա» անսամբլի արտիստները:

Այսօր դպրոցում սովորում են շուրջ 150 պատանիներ և աղջիկներ: Դպրոցում ստեղծվել է աշուղ Հավասու անվան աշուղական արվեստի երիտասարդական անսամբլ, որին մասնակցում են դպրոցի լավագույն սաները /թվով 36 /:
1997թ. ստեղծվեց Հայ աշուղների միությունը, որի կազմում ընդգրկված են 40-ից ավելի ավագ, միջին և երիտասարդ սերնդի աշուղներ: Իսկ 2001թ. ստեղծված «Հայ աշուղներ» անսամբլը հնարավորություն է ընձեռել աշուղներին բեմ ելնելու, ներկայացնելու իրենց արվեստը: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է աշուղ Հովերը:

Հայ աշուղական երգը մեր մշակույթի ամենահարուստ շերտերից է, բայց այլ ասպարեզների համեմատ ավելի քիչ ուսումնասիրված: 2001թ. ստեղծված աշուղագիտական կենտրոնում համապատասխան մասնագետների կողմից ի մի է բերվում հայ աշուղական արվեստի ամբողջ ժառանգությունը, համակարգվում է ժամանակակից տեխնիկական պայմաններին համահունչ, հավաքագրվում են ժողովրդի մեջ պահպանված հին աշուղական երգերի նմուշները, վերծանվում, խմբագրվում են մերօրյա աշուղների ստեղծագործությունները, կազմվում են ժողովածուներ, երգարաններ:
«Սայաթ-Նովա» մշակութային միությունն ունի ձայնագրման իր ստուդիան, որտեղ գրանցվում են «Սայաթ-Նովա» անսամբլի կողմից արդեն բեմ հանված ստեղծագործությունները: Այստեղ հնարավորություն ունեն ձայնագրվելու նաև դպրոցի սաները և մեր ժամանակի աշուղները: