ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆ 70

2024 թվականի հունիսի 2-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ հերթական գեղեցիկ հոբելյանական համերգը՝ «Թովմաս Պողոսյան 70. Հոբելյանական երեկո» խորագրով։

Համերգային երեկոն նվիրված էր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, բանահավաք, բանասիրական գիտությունների թեկնածու, մանկավարժ Թովմաս Պողոսյանի 70-ամյակին։

Հոբելյանի շրջանակում Թովմաս Պողոսյանին իրենց կատարումներով շնորհավորեցին ինչպես մշակույթի ոլորտում արդեն կայացած և ճանաչված ուսանողները, այնպես էլ անվանի գործընկերները և նրա ստեղծագործական ուղու անբաժան մասը կազմող կոլեկտիվները։

Միջոցառմանը մասնակցեց նաև հարազատ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, որի կազմում Թովմաս Պողոսյանը շուրջ երկու տասնամյակ՝ 1980–2000 թվականներին, հանդես է եկել որպես մեներգիչ։

Անսամբլի պարախմբի արտիստները, ներկայացնելով Վանուշ Խանամիրյանի «Սարերի հովին մեռնեմ» պարային բեմադրությունը, իրենց շնորհավորանքը փոխանցեցին սիրելի ավագ գործընկերոջը։

Հոբելյանական համերգը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։